Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս  մեզ խոստացավ, որ վերջին անգամ է երկարացվում երկրում արտակարգ դրությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին,  Կառավարություն շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը, ով մի շարք այլ քաղաքացիների հետ, ովքեր մինչև երկրում արտակարգ դրությունը  կամ բնակվում էին Ռուսաստանում, կամ  արտագնա աշխատանքների էին մեկնում, այսօր՝ օգոստոսի 12–ին, բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ արտակարգ դրության ևս մեկ ամսով երկարացնելու՝ Կառավարության րոշմանը և սահմանները  չբացելու։

Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կամ պարետ Տիգրան Ավինյանի հետ:

«Մենք ոչ գումար ենք ուզում պետությունից, ոչ էլ ինչ-որ բան, պարզապես ինչ-որ եղանակ ստեղծեն, որպեսզի երկրից գնալ ցանկացող քաղաքացիները գնան իրենց գործերին, կարողանան ապրուստի միջոց գտնել, Հայաստանը մեզ չի տալիս այն պայմանները, որ մենք կարողանանք նորմալ պայմաններով այստեղ մնալ ու ապրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկն էլ հավելեց, որ այստեղ աշխատած գումարով հազիվ կարողանում է տան վարձը վճարել. «Նույնիսկ հույս ունենալ չեմ կարող՝ այստեղ տուն  կկարողանամ գնել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը մեզ ընձեռում է այն պայմանները, որ կարողանանք  նորմալ պայմաններով գնել  բնակարան»,- հավելեց քաղաքացին:

«Մոտ 200 մարդ, որոնք այն կողմում են կանգնած, որպեսզի սա հավաք չդիտարկվի, մեզ են սպասում  և հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում կկայացնի մեր օգտին, որ  կարողանանք այստեղից գնալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: