Օգոստոսի 9-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նալբանդյան գյուղի տներից մեկի բակից «Օպել Աստրա» մակնիշի մեքենա են առևանգել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, օգտվելով դուռը բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հանգամանքից, ինչ-որ մեկը տան դիմացից գողացել է մեքենան:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզներն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերեցին «Օպել Աստրան»:

Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 32-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 9-ին, ժամը 17-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: