Ես հիվանդ կին եմ, սրտի խնդիր ունեմ, հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա, ինձ հուղարկավորի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարություն շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը:

 «Մարդիկ արդեն վարկերի տակ թաղված են, աղջիկս էլ փեսայի հետ եկել էր բուժման նպատակով, արդեն 6 ամիս է, 4 մլն վարկ են վերցրել, իրենք էլ ապրում են Իջևանում, ոչ աշխատանք ունեն, ոչ էլ ապրուստի միջոց, չեն կարողանում գնալ, գոնե թույլ տան այդ մարդիկ գնան իրենց վարկերը փակեն։ Մի օր ջանիս կհասնի, մի բուռ դեղ կխմեմ, կմեռնեմ, ես հեչ, բա իմ էրեխեքը» »,- ասաց քաղաքացին:

Ակցիայի մասնակիցը դժգոհեցՀայաստանում ստեղծված իրավիճակից, նրա խոսքով՝ պետությունը հոգ չի տանում իր հայրենակիցների մասին, հուսախաբ է անում։

«Սա պետություն էլ չի, անհատ մի քանի մարդիկ են, գոնե լսելի դառնա մեր ձայնը: Արդեն հեռուստացույց էլ չենք ուզում միացնել, գիտենք՝ անկապ բաներ են ասելու, մի ռեալ պատասխան չեն տալիս մեզ: Ժողովուրդը 3 տարեկան երեխա չի, որ անընդհատ խաբում են, ինչքա՞ն կարելի է ասել, որ վերջին անգամ են երկարացնում արտակարգ դրությունը: Ես հիվանդ կին եմ, սրտի խնդիր ունեմ, հիմա որ ես մեռնեմ, տղաս չի կարողանալու գա ինձ հուղարկավորի: Չի կարելի մորն ու երեխային կտրել իրարից»,- ասաց ակցիայի մասնակիցը: