Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։

Ներկայացնում եմ Հայաստան-Վրաստան համեմատությունը՝ փորձելով հնարավորինս զերծ մնալ մեկնաբանություններից։ Փորձել եմ համեմատել համաճարակի ընթացքը, համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Վիճակագրություն

2,963,841 բնակչություն ունեցող Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ արձանագրվել է 40,593 դեպք, 803 մահ, մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ։ 1 մլն բնակչության հաշվարկով ունենք 271 մահ։ Այս ժամանակահատվածում արվել է ընդհանուր 177,322 թեստ, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 59,828 թեստ։

3,988,326 բնակչություն ունեցող Վրաստանում նույն ժամանակահատվածում հիվանդացել է 1264, մահացել՝ 17-ը։ 1 մլն բնակչության հաշվարկով՝ 4 մահ։ Ընդհանուր թեստերը՝ 258,525, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 64,821։

Առողջապահական համակարգ

Մինչև Վրաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվելը, երկրում արդեն իսկ վերապրոֆիլավորվել էին մի շարք հիվանդանոցներ։ Բացի այդ, փետրվարի 26-ին՝ վարակի առաջին դեպքերը գրանցելուց հետո, յուրաքանչյուր նախարարություն 24 ժամվա ընթացքում մշակեց կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարական պլան։ Ապրիլի 17-ից Վրաստանի կառավարությունը հրապարակեց երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը (համաճարակ, էպիդեմիա, համաճարակային պայթյուն) կանխելու և բուժման համար պատրաստ բժշկական հաստատությունների ցանկը, որը սահմանվում է երկու բանաձևով և ընդհանուր առմամբ, ընդգրկում է 44 բժշկական հաստատություն:

Մինչև վիրուսի թափանցումը, Հայաստանն ուներ որոշակի քանակի ներկրված թեստեր, սակայն չուներ հատուկ հիվանդանոց կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների համար։ Մարտի 13-ին, երբ գրանցվել էր 8 վարակման դեպք, ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված հիվանդներին։ Այնուհետև Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատությունների թիվը հասավ 9-ի։ Հունիսի 8-ից այս ցանկին միացան ևս 3-ը՝ Սպիտակի ԲԿ-ն, Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք։

Մասնավոր հիվանդանոցներ՝ «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները ևս իրականացնում են կորոնավիրուսով հիվանդների բուժում, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում:

Մարտի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանում թոքերի արհեստական շնչառության 334 սարք կա, որից 15-ն առանձնացված էին կորոնավիրուսով վարակված հիվանդների համար, հետո մայիսի 12-ին «Հետքի» հետ զրույցում նա նշել էր, որ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված է 205 ԹԱՕ սարք։ Վրաստանում սարքերի թիվը մոտ 700 էր։ Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել էր առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նշելով, որ այդ փուլում լիովին բավարար է, որ բժիշկները կարողանան հոգ տանել հիվանդների անվտանգ վերականգնմանը։

Թեստավորում

Վրաստանում հիվանդացության անհամեմատ ցածր ցուցանիշների պարագայում արվել է ընդհանուր՝ 258,525 թեստ։ Մեզ մոտ արվել է ընդհանուր՝ 177,322 թեստ։

Ի սկզբանե Հայաստանում արվում էին սահմանափակ թվով թեստեր, թեև բազմաթիվ մասնագետներ էին շեշտում թեստերի կարևորությունը՝ վարակի իրական պատկերը հասկանալու համար։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ից օրական 1000 թեստ է արվելու։ Ապրիլի 13-ին որոշումը փոխվեց, համաձայն որի թեստերի թիվը 1000-ի չի հասնի, թեստի համար ուղղակի ցուցում պետք է լինի, հակառակ դեպքում կլինի ժամանակի և ռեսուրսի կորուստ։ Հազարավոր մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողացել թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։

Վրաստանում 17.06.2020թ. կառավարությունը սահմանեց բարձր ռիսկային այն խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում՝ ցանկացած բժշկական հաստատության և ամբուլատորիայում եղած պացիենտ, ով ունի ջերմություն և շնչառական հիվանդություն, բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմը, շտապ օգնության և աղետի բրիգադների աշխատակիցները, ծերանոցներում և սահմանափակ ունակություններով անձանց շուրջօրյա հաստատությունում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, նոր ախտորոշված թոքախտով տառապող բոլոր անձինք մինչև բուժումն սկսելը, հոգեբուժարաններում աշխատող անձնակազմը, այն հաստատությունների անձնակազմը, որտեղ բուժում են ստանում թոքախտով ունեցող պացիենտները, դիալիզի վրա գտնվող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք՝ կարանտինի տարածքը լքելուց կամ ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց 24 ժամ առաջ, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, մաքսակետերում և սահմանային անցակետերում, բժշկական և համաճարակային ծառայությունների ներկայացուցիչները, բոլոր ստացիոնար բուժհաստատությունների ընդունարանների, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում աշխատող անձնակազմը և համաճարակաբանները և այլն։ Առաջիկայում Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն բոլոր այն հնարավոր պացիենտները, ովքեր վարակված են եղել առանց ախտանշանների։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն։ Այս հարցում Հայաստանի հետ համեմատությունը ուղղակի չի դիմանում քննադատության։ Մեզ մոտ այս ուղղությունն ուղղակի տապալվել է։