Կարմիր Կատարի Խառնարանային լիճը կարող է ցամաքել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Կարինե Փանոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հանցագործություն բնության դեմ

Այս լիճը հանդիպեցինք Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լիճն է՝ բնության հուշարձան։ Դուք տեսնում եք լճի ներկայիս չափերը։ Սպիտակ օղակով նշել եմ լճի նախկին չափը։ Դեղին եռանկյունին ցույց է տալիս այն պոմպը, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։

Ինչպես ինձ պատմեցին արշավի իմ ուղեկիցները, այս խնդրով դեռեւս նախորդ տարվա աշնանը զբաղվել են «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության անդամները։

Խնդիրը, սակայն, լուծում չի ստացել։ Ինչպես տեսնում եք, թեեւ հեռվից, բայց նշմարվում է խողովակի ուղղությունը, որը մեզ ուղեկցում էր ճանապարհի ողջ ընթացքում, իսկ լճի մակարդակը բավականին անկել է։

Այսպիսով, լիճը կարող է ամբողջությամբ ցամաքել։

Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

Հույս ունեմ, որ արագ ու վճռական լուծում կստանա հետեւյալ խնդիրը, եւ մարդկային վանդալիզմի հերթական արտահայտությունը կդադարեցվի»։