Մարդկանց պետք հարսանից անելու հնարավորություն տանք: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հանրային միջոցառումներին առավելագույնը 40 հոգու մասնակցությանը:

Միքայելյանն առաջարկեց թույլատրել 60 հոգու մասնակցություն, կամ բացառություն անել հարսանիքների համար. «Մարդիկ ամուսնանում են: Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք: Մարդկանց պետք է հարսանիք անելու հնարավորություն տանք: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու հարսանիք չեն կարողանում անել: Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա Հայաստանը միայն Երևանը չէ, մարզերում էլ ցուրտ է: Առաջարկում եմ թույլատրել փակ տարածքներում 60 հոգանոց հարսանիքներ անել»:

Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից, եթե դրական տենդենցը լինի, միգուցե հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն:

Միքայելյանը շարունակեց պնդել իր առաջարկը՝ միևնույն ժամանակ կարևորելով կանոնների պահպանումը. « Չեմ հասկանում 40 ու 60 միջև ինչ տարբերություն կա: Էսօրվա դրությամբ ես առաջարկում եմ, ու ճիշտ եմ գտնում, որ լինի 60: էն սահմանափակումները ու հնարավոր խստացումները թող լինեն»:

Ավինյանը հակադարձեց, որ նախնական տարբերակով առաջարկվում էր թույլատրել 30 հոգու մասնակցություն. «Ենթադրվում է, որ նույնիսկ հարսանիքներն այս համաճարակային իրավիճակի պայմաններում հնարավորինս նեղ ընտանեկան կազմով պետք է լինեն: Դրական դինամիկայի պահպանման պայմաններում մեղմացումներ կլինեն ու միջոցառումների մասնակիցների թույլատրելի թիվը կավելացվի»: