Չեմ հիշում որևէ խոստում, որը տվել ենք Ամուլսարի հետ կապված և չենք արել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում  ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին՝ ինչու Ամուլսարի հետ կապված խոստումները չեն իրականացվել:

Փոխվարչապետ Ավինյանն ասաց, որ Ամուլսարի հետ կապված խնդիրները բազմաթիվ շերտեր ունեն և  նախկինում իրենց արված հայտարարությունները ուժի մեջ են:

«Ընդհանուր առմամբ այն պահանջները, որոնք ներկայացնում են բնապահպան մեր հարգելի գործընկերները և այն բողոքների հետ կապված, որ «Լիդիան»  ընկերությունն  էր բարձրաձայնում Կառավարության նկատմամբ, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն, թե´ ՇՄԱԳ-ի հետ կապված, թե´ պահնորդական ծառայության  լիցենզիայի զրկման հետ կապված, դրանք օրենքին համապատասխան Կառավարության որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանել նախկինում բոլոր այն պայմաններին, որոնցով, որ պետք է անցներ, ապա պետք է  այն չեղարկվի, եթե համապատասխանել է՝ խնդիր չի լինի. «Եթե լիցենզիայից զրկելու հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը պետք է դա անի, իսկ եթե  ներկայացվեն այդ հիմքերը, խնդրեմ, միանշանակ դա կարվի»,-խոսքը եզրափակեց փոխվարչապետը:

Նա նաև նշեց, որ վերջին շրջանում զբաղված է եղել այլ գործով և մանրամասն չի հետևել Ամուլսարի շուրջ իրադարձություններին։