Տուգանելը ոստիկանության պարտականությունն է և ոստիկանության գործառույթն է հետևել որպեսզի հակահամաճարակային կանոնները պահպանվեն: Այդ մասին  ԱԺ հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ գոհ է ոստիկանության աշխատանքից:

Ավինյանը նշեց, որ դիմակ չկրելու համար տուգանվածների ընդհանուր թիվ չի կարող ասել. «Կարող եմ ասել վերջին օրվա տվյալը՝ 3800, ինչը լավ չէ, քանի որ նշանակում է, որ մենք դեռևս շարունակում ենք պահպանել կանոնները ոչ պատշաճ: Իրականում ոստիկանության էֆեկտիվ աշխատանքն է, որը հակահամաճարակային իրավիճակի վրա և թվերի վրա որոշակի ազդեցություն է ունեցել: Որոշակի կոտշությունն այդ գործողություններում իրականում էֆեկտիվ է: Եթե այդ կոշտությունն ունենային ապրիլ- մայիս ամիսներին համոզված եմ, որ հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու այսօր»:

Ավինյանը հիշեցրեց, որ հատուկ բացառություն է սահմանված մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար, որոնք բժշկի ցուցումով չեն կրում դիմակ. «Եթե կա բժշկի ցուցում, ապա այդ քաղաքացուն չեն կարող տուգանել: Որևէ մեկս չի ուզում այս դիմակներով անվերջ ապրել, դա հաճելի չէ: Հատկապես հաճելի չէ բացօթյա տարածքում: Դժվար է, բայց պետք է սովորենք, որպեսզի կանխենք վարակի տարածումը, և սա է այդ ճանապարհը որոց անցնում ենք և պետք է անցնենք»: