Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում մահացել է 1040 քաղաքացի, և այս մահերի համար պետք է պատասխան տրվի: Դուք ՝որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս դառը իրողությունը: ԱԺ հատուկ նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով. «Սա ուղիղ գնահատական է Ձեր գործունեությանը»:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե ՀՀ Կառավարությունը, ինչպես և հայտարարել էր, մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, ինչպես նաև՝ տեղեկատվության տրամադրման առումով. «Առավել թափանցիկություն, կարծում եմ, ուղղակի հնարավոր չէր ապահովել: Իսկ համավարակի ամբողջական վերացումից հետո ամբողջական գնահատականները կհնչեցվեն: Ես որպես պարետ պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ և ամբողջ ծավալով: Եվ երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ»:

Ինչ վերաբերում է այլ երկրների հետ համեմատականներին՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ տարբեր երկրներ ունեն թեստավորման, վարակակիրների բազաների վարման, մահերի թվերի գրանցման տարբեր մեթոդաբանություններ, և այս փուլում համեմատելը մի փոքր դժվար կլինի, բայց երբ կարելի կլինի ասել՝ համավարակը աշխարհով մեկ վերացել է, այդ ժամանակ պատեհ կլինի բոլոր համեմատականները տանել»:

Վահե Էնֆիաջյանը նշեց նաև, թե Հայաստանը տաբեր երկրներից մեծ գումարներ է ստացել, և Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ այդ գումարներն ինչ նպատակի համար են ծախսվել, ուր է թափանցիկությունը: Ավինյանն արձագանքեց, թե թափանցիկությունն այնտեղ է, որ երբ նախորդ ամիս Էնֆիաջյանն այդ նույն հարցով դիմել է, ստացել է բոլոր տվյալները: Էնֆիաջյանը հակադարձեց, որ չի ստացել, իսկ փոխվարչապետը պնդեց, թե իր ասածը կարող է ապացուցել «սքրինշոթով». «Սքրինշոթը կարող եմ հանել, ցույց տալ, որ ստացել եք Ձեր հարցման պատասխանը»: