Ես հարցի հասցեատերը չեմ։ Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Չեմ տիրապետում բավարար չափով ինֆորմացիայի։ Իմ վրա չեմ վերցնի պատասխանատվություն՝ դրա մասին խոսելու։ ՀՀ իշխանությունը չի արել եւ չի անի որեւիցե քայլ, որը կվնասի ՀՀ քաղաքացու, երկրի, բնության շահերին»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի՝ մեկ օրում  նշանակելու գործընթացին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Հանրության մոտ միայն մեկ հարց է առաջանում, թե ե՞րբ են վերջնականապես ՌԴ քաղաքացի հանդիսացող կոռուպցիոներները կանգնելու դատարանի առջեւ։ Այդ պրոցեսներն էլ ներառում են շատ տարբեր գործողություններ եւ արհեստավարժ մարդկանց կարիք՝ մշտապես յուրաքանչյուր ժամանակահատվածում յուրաքանչյուր երկիր ունեցել եւ միշտ ունենալու է։ Ուստի կենտրոնանալ նման տեխնիկական բաների վրա չարժե»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե իշխող կուսակցությունը քվեարկելու է ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի օգտին, Ալեն Սիմոնյանը հերքեց այդ լուրը. «Որոշումը վերջնական կարող է լինել միայն այն ժամանակ, երբ թեկնածուներն այստեղ ելույթ կունեն եւ մենք կքննարկենք։ Մամուլում հնչած այդ տեղեկությունը ճիշտ չէ, որովհետեւ այդ պարագայում ամբողջ գործընթացն անիմաստ է»։

Հարցին՝ արդյոք ինքը ճանաչո՞ւմ է «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպմանն անձամբ չեմ մասնակցել։ Մենք նույն ֆակուլտետի շրջանավարտներ ենք՝ տարիների տարբերությամբ, իրեն հեռակա ճանաչում եմ»։