Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Միջադեպի կապակցությամբ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը այսօր Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։