Ձախլիկների միջազգային օրը (International Left-Handers Day) առաջին անգամ նշվել է 1992-ի օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի (Left-Handers Club) նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 1990 թվականին:

Այս օրը կոչված է հասարակության ուշադրությունը սեւեռել այն խնդիրների վրա, որոնք աջլիկների աշխարհում ծառանում են ձախլիկների առջեւ, դիզայներների, արտադրողների եւ վաճառողների ուշադրությունը հրավիրել տարբեր իրերի օգտագործման ժամանակ ձախ ձեռքով աշխատողների հարմարությունը հաշվի առնելու անհրաժեշտության վրա, ցրել նախապաշարմունքներն ու սնահավատությունները, որոնք դարեր շարունակ շրջապատել են ձախլիկներին տարբեր մշակույթներում, խրախուսել ձախլիկության ուսումնասիրման ոլորտում գիտական հետազոտությունները:

Սակայ Ձախլիկների ակումբների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, գլխավոր մտահոգությունն այն է, որ տարբեր երկրների շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին դեռեւս փորձում են վերասովորեցնել աջ ձեռքով գրելու, ինչը հոգեբանական սթրես է առաջացնում եւ իջեցնում է սովորողների առաջադիմությունը:

Ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության 3-10%-ը ձախլիկներ են:

Հայտնի մարդկանց ցուցակը, ովքեր ամեն ինչ արել են «միայն ձախով», ապշեցնում է՝ Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Մերլին Մոնրո, Փոլ Մաքքարթնի, Ռինգո Սթար, Ռոբերտ դե Նիրո... Այլ հայտնի ձախլիկների թվում են՝ Հուլիոս Կեսարը եւ Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը եւ Կառլ Մեծը, Ուինսթոն Չերչիլը եւ Հորացիո Նելսոնը, ԱՄՆ երեք նախագահները` Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը, եւ այլն: