Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի բնակարաններից մեկի պատշգամբն այսօր՝ օգոստոսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներն ապամոնտաժել են։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում էր, որ ապամոնտաժման աշխատանքներն անցել են բավական լարված մթոնոլորտում։

Բնակարանի տանտերը մեզ հետ զրույցում ասաց, որ թաղապետարանի աշխատակիցները ապօրինի կերպով են փորձում իր բնակարանի պատշգամբն ապամոնտաժել։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչու են աշխատակիցներն ապամոնտաժել այդ պատշգամբը։

«Ամբողջ Կիեւյան փողոցի աջակողմյան եւ ձախակողմյան մայթերը 2004 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՀ 1616 N որոշմամբ համարվում են պատմամշակութային անշարժ գույք։ Այսինքն՝ այդ շենքի վրա եթե որեւէ շինարարություն պետք է արվի, կա ընթացակարգ։ Այսինքն՝ առաջնակարգ պետք է դիմել այն մարմնին, որը հուշարձանի հետ կապված տալիս է եզրակացություն, երկրորդ, քանի որ այն բազմաբնակարան շենք է՝ դաշնային կառավարմամբ, մի քանի սեփականատեր ունեցող շենքի ընդհանուր օգտագործման պատի վրա մի բան պետք է անի, ապա դրա համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը։ Սա կարգավորվում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով։ Երրորդը, այդ փաստաթղթերը ունենալուց հետո դիմում էր Երեւանի քաղաքապետին, որը համապատասխան եզրակացությունների առկայության դեպքում տրամադրում է շինարարության թույլտվություն։ Բաց պատշգամբը համարվում է շենքի կցակառույց եւ դրա համար կա հատուկ շինթույlտվություն»,- ասաց Կարապետյանը։

Իրավաբանական բաժնի պետը պատմեց, որ 2 օր առաջ բնակարանի սեփականատերը գաղտնի քանդել է պատուհանի քարերը, որոնք պատմամշակութային արժեք են ներկայացնում. «Այն դարձնում է դուռ, հարեւանները բողոքել են, որ համասեփականատերը շենք է քանդում։ Մենք գնացել ենք, դուռը չեն բացել, դիմել ենք ոստիկանություն, որպեսզի իմանանք՝ ով է սեփականատերը, ակտ կազմենք, պարտավորեցնենք բերել նախկին տեսքի։ Մինչեւ մենք կճշտենք նրա կոորդինատները, գիշերը, գաղտնի արդեն պատրաստի բալկոն կցակառույցը միանգամից կռանկով փակցնում է՝ դարձնելով պատրաստի բալկոն։ Բոլոր նկարները կան։ Մեր տեսուչները դա նկատում են, բայց քանի որ գիշերը մարդկանց անհանգստացնելու իրավասություն չունենք, թողեցինք առավոտվան։ Առավոտյան գրություն գրեցինք ոստիկանապետին, բոլոր մարմիններին, որոնք դրանով զբաղվում են, որպեսզի կատարվեն ապամոնտաժման աշխատանքներ։ Առավոտյան ես եւ կոմունալ բաժնի պետը ներկայացել ենք, բնակարանի տիրոջը խնդրել ենք՝ իջնի ներքեւ, ասել ենք՝ Դուք անօրինական աշխատանքներ եք կատարել»։

Գեղամ Կարապետյանն ասաց, որ կինը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց նկատմամբ. «Պռովոկացիայի չենթարկվելու համար բակից դուրս եկանք, գործող կարգի համաձայն դիմեցինք ոստիկանությանը, եկան իրենց գործողությունները կատարելու։ Քաղաքացին երեխաներին հանել էր պատշգամբ, որը կարող էր քանդվել, որովհետեւ այն դեռ մինչեւ վերջ պատրաստ չէր, եւ սպառնում էր՝ եթե մենք մոտենանք, վերեւից ցած կգցի երեխաներին։ Դա արդեն իսկ նշանակում է, որ նա հոգեպես անհավասարակշիռ է։ Էլ չեմ ասում, որ վերեւից սեռական բնույթի հայհոյանքներ պաշտոնատար անձանց, ոստիկանության նկատմամբ։ Բացի այդ եռացրած ջրով թեյնիկը վերցրեց, ասաց՝ եթե մեկը մոտենա, ես լցնելու եմ։ Հատուկ հոգեբան ենք հրավիրել, ԱԻՆ պաշտոնատար անձանց, որոնք այդ դեպքերով զբաղվում են։ Անձը կոնտակտի մեջ չմտավ, ոստիկանները, որպեսզի տուն չմտնեն, վերելակ մեքենայով բարձրացան վերեւ, որպեսզի նրանց ցույց տան այն հիմքերը, ինչի վրա մենք ապամոնտաժում ենք դա։ Փորձեցին բալկոնից մոտենալ, վերջինս շպրտեց այդ ծանուցագրերը եւ արդեն ոստիկաններին սպառնաց, որ եռացրած ջուր կլցնի նրանց վրա։ Ոստիկանները արդեն երեխաներին պաշտպանելու համար կնոջը՝ երեխաների հետ ներս մտցրին, դուռը փակեցին եւ կատարվեցին ապամոնտաժման աշխատանքներ»։

Կարապետյանը հայտնեց, որ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանապետին. «Որովհետեւ դա վանդալիզմ է, քրեական գործ պետք է հարուցվի՝ պատժելու սեփականատիրոջը եւ շենքը փորձակետի տված եզրակացության համաձայն բերելու նախկին տեսքին»։

Նա նշեց, որ երկրորդը գրությունն էլ ուղարկել է ՀՀ ոստիկանություն, որպեսզի ուսումնասիրեն՝ կնոջը մայրական իրավունքների սահմանափակման վերաբերյալ հարցը. «Դա արդեն մեր դաշտում է, պետք է պարտադիր ուսումնասիրենք, որովհետեւ եթե մայրը ասում է երեխային կգցեմ ներքեւ, կարող է հոգեկան հուզմունքի պահին երեխային վնաս տալ, եթե այս անգամ չտվեց, մյուս անգամ կտա»։