Անձամբ ես մեծամասնությունից մեծ սպասելիքներ չունեի, որովհետև պարզ էր, որ նրանք միշտ Կառավարության գիծն են  առաջ տարել, և շարունակում էին առաջ տանել, չնայած, նրանք բազմաթիվ հարցեր բարձրացրեցին, որոնցից ելնելով՝ պետք է համաձայն չլինեին, որ արտակարգ դրությունը երկարաձգվի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադառնալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին ԱԺ-ի  դեմ քվեարկելուն։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը 5-րդ անգամ երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։

 Անդրադառնալով իր կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Ամուլսարի վերաբերյալ ուղղված հարցին, Անի Սամսոնյանը նշեց, որ փոխվարչապետի պատասխանն իրեն չի բավարարել։ Տիկին Սամսոնյանի  փոխվարչապետին ուղղված հարցերից մեկն այն էր, թե ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար

 «Ես պարոն Ավինյանի պատասխանը պատասխան չէի համարի, այնտեղ պատասխան չկար, այնտեղ  կար նախադասությունների շարան և բառակույտ, որտեղ որևէ էական համոզիչ փաստարկներ չկային: Պարոն Ավինյանը նաև չկարողացավ պատասխանել, թե ո՞վ է իրականում պատասխանատուն այն ամենի համար, ինչ կատարվել է Ամուլսարում, այնինչ այդ պատասխանատուն Կառավարությունն է, և պարոն Ավինյանը պետք է ասեր, որ, այո, մենք գիտենք, նույնիսկ չասաց, որ ինքը մանրամասն տեղյակ է խնդրից: Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ գիտեն, եթե չգիտեն, նորից եմ կրկնում, դա շատ վատ է իրենց համար: Այս իրավիճակում, այո, չստացանք այն պատասխանները, որոնք անհրաժեշտ են, որ ստանանք, որովհետև գիտեք՝ մարդիկ սպասում են, պարտադիր է նրանք գան Կառավարության շենքի մոտ, որպեսզի Կառավարությունից մեկը դուրս գա և նրանց ինչո-ր բան բացատրի»,- ասաց տիկին Սամսոնյանը:

Անի Սամսոնյանը նշեց, որ այս ընթացքում իշխող խմբակցության պատգամավորները գրառումներ էին անում, որ քննարկումներ են ունենում Ամուլսարի հարցի շուրջ, բայց դրանք միայն գրառումներ էին։

«Եթե ունենում եք քննարկումներ, արդար կլինի, որ դրանցով կիսվեք նաև այլ մարդկանց հետ, ովքեր սպասում են ձեզանից որևէ հոդաբաշխ նախադասություն Ամուլսարի շուրջ։  Իշխանության լռությունից հասկանում եմ այն, որ իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի, հակառակ դեպքում այս ընթացքում կարվեին որոշակի աշխատանքներ: Ինձ համար նաև զարմանալի է, երբ կարող են «Լիդիանի» աշխատակիցները Կառավարության առջև բողոքի ակցիա անել, բերման չենթարկվել, բայց Ամուլսարի բնապահպան- պաշտպանները կարող են բերման ենթարկվել, ընդհուպ  իրենց հեծանիվներով»,- ասաց Անի Սամսոնյանը:

 Պատգամավորից նաև հետաքրքրվեցին, թե ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ  ի՞նչ դիրքորոշում ունեն, խորհրդարանում մաս կազմելո՞ւ են քննարկմանն ու քվեարկությանը, և մինչև այդ պատրաստվո՞ւմ են հանդիպել թեկնածուների հետ, ինչին ի պատասխան պատգամավորն հիշեցրեց, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողը որակել են հակաիրավական գործընթացներ և չեն պատրաստվում  առաձին քննարկումններ ունենալ թեկնածուների հետ։

«Եթե դու մի պրոցես համարում ես հակաիրավական, նշանակում է, որ դրա շարունակությունը ևս քեզ համար հակաիրվական է»,- ընդգծեց նա։