Կորոնավիրուսի համավարակը նավթի համաշխարհային պահանջարկի վրա ավելի ուժեղ կազդի, քան նախկինում սպասվում էր: Այս մասին է վկայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամենամսյա զեկույցը, հայտնում է DW-ն:

ՕՊԵԿ-ի նոր գնահատականների համաձայն, համապատասխան ցուցանիշն այս տարի կնվազի օրական միջինը 9,1 միլիոն բարելով (անցած տարվա տվյալների համեմատ ավելի քան 9 տոկոսով) եւ կհասնի օրական 90,6 միլիոն բարելի: Միաժամանակ, հուլիս ամսվա հաշվետվության մեջ նշվում է 9,2 միլիոն բարելի ցուցանիշ:

Այնուամենայնիվ, 2021-ին սպասվում է օրական 7 միլիոն բարելի ավելացում, ասում են փորձագետները: Ընդ որում, նրանք ելնում են նրանից, որ նման կանխատեսումը արդիական կլինի միայն այն դեպքում, եթե համաշխարհային հանրությունը կորոնավիրուսի պատճառով ստիպված չլինի դիմել նոր սահմանափակումների:

Միեւնույն ժամանակ, ՕՊԵԿ-ում կարծում են, որ համաշխարհային տնտեսական ակտիվությունն, ընդհանուր առմամբ, կնվազի 4 տոկոսով (նախորդ կանխատեսումներում այն կազմում էր 3,7 տոկոս): Կազմակերպության փորձագետները կոչ են անում հատկապես ուշադիր հետեւել Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակին: «Միացյալ Նահանգներում վարակվածների թվի վերջին աճը հարկ կլինի ուշադիր դիտարկել, քանի որ այս միտման շարունակությունը կարող է խաթարել սպառողների վերականգնվող վստահությունը եւ ծախսերի օրինաչափությունները»,- ասվում է զեկույցում: Բացի այդ, փորձագետները ուշադրություն են դարձնում Հնդկաստանում, Բրազիլիայում եւ եվրոգոտու մի շարք պետություններում, այդ թվում՝ Իսպանիայում, համավարակի ընթացքի մշտադիտարկման անհրաժեշտությանը: