ՀԴՄ չխփելը զինվորի հարցը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարություն–բիզնես գործընկերությանը։

«Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ Կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում ենք, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի Կառավարությունը կոռումպացված է, հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթը այդտեղ մնացել է։ Էլի եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է, և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ որ հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն  աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չի ամեն ինչ անել, որ բյուջե  մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին  երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել եք ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին՝ ինչքանով եք պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում, դրա համար էլ գործարար միջավայրը իմ հանդիպումներից դուրս են գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ ենք։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պե՞տք է մեր վարքագծի մասին մտածենք չէ՞»,– վրդովված ասաց նա։

 Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ խոսում են հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։

«Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները, որպեսզի կարողանանք բավարարել, պետք է բոլորս ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է, ոչ մեկ չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- շեշտեց վարչապետը։