Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը, որով աջակցություն է ցուցաբերվելու խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին:

Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին արտահանման շուկաներում կորոնավիրուսի տարածումը ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների արդյունքների վրա: Այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է վաճառքների ծավալների վրա: Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ թե արտահանման թվերի և, թե ներքին շուկայում իրացման ծավալները ավելի քան 30 տոկոսով անկում են արձանագրել, որոշ կազմակերպությունների մոտ ավելի մեծ անկումներ են արձանագրել: Այս ամենը ազդեցություն է թողել կազմակերպությունների վրա երկու առումով. նվազել են ընթացիկ դրամական եկամուտները, որովհետև նվազել է վաճառքը, և երկրորդ, այդ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով բանկերն ավելի զգուշավոր են և դժվարությամբ են վարկավորում: Այդ երկու գործոններն առաջացնում են կազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների որոշակի դեֆիցիտ, և դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են, իսկ այս տարի խաղողի բերքը ավելի բարձր է լինելու նախորդ մի քանի տարիների համեմատ»,- նշեց նախարարը:

Ըստ ծրագրի նախատեսվում է խաղող մթերող կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել սուբսիդավորվող վարկեր, կառավարությունը կսուբսիդավորի վարկի տոկոսն ամբողջությամբ:

Օժանդակության տրամադրման ձևերը և դրանց պայմանները հետևյալն են՝ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,  յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս.

Լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի տրամադրման պայմաններն են՝ լիզինգը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ մինչև 14, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը,  լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը: Բացի այդ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին 2019 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված 12 ամիս ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 15 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ.