Բելառուսը տեղեկություն չի տրամադրել Ուկրաինային բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ուկրաինացիներ Կոնստանտին Ռեուցկու եւ Եվգենի Վասիլեւի գտնվելու վայրի մասին: Ուկրաինան 2 նոտ է ուղարկել Բելառուսի ԱԳՆ՝ պահանջելով տեղեկություն տրամադրել ձերբակալվածների մասին: Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է «112.ua»-ն:

Ձերբակալվածներին մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, գույքի ոչնչացմամբ կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրության ցուցաբերմամբ:

Ձերբակալվածներին 3-8 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուկրաինան պահանջում է նաեւ հյուպատոսին հնարավորություն տալ հանդիպել ձերբակալվածների հետ եւ ազատ արձակել նրանց, որպեսզի նրանք կարողանան Ուկրաինա վերադառնալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Մինսկում ուժայինները ձերբակալել էին «Վոստոկ SOS» բարեգործական կազմակերպության ուկրաինացի կամավորներին:

Բելառուսում Ուկրաինայի դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում նրանց վայրի եւ պայմանների մասին տեղեկություն ստանալու համար:

Օգոստոսի 12-ի դրությամբ Բելառուսում ձերբակալվել է Ուկրաինայի 9 քաղաքացի: Հայտնի է նաեւ ուկրաինացի ֆոտոթղթակցին ծեծի ենթարկելու փաստի մասին: