Ինդոնեզիայի իշխանությունները սահմանները չեն բացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար առնվազն մինչեւ այս տարվա վերջ: Նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել ծովային հարցերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Տնտեսության այս հատվածը վերականգնելու համար կառավարությունը որոշել է կենտրոնանալ ներքին տուրիզմի զարգացման վրա»,- ասել է Լուհութը:

Ըստ նրա` «իշխանությունները մտադիր են ապահովել, որպեսզի ներքին տուրիզմը զբաղեցնի ընդհանուր ծավալի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջային արդյունաբերությունը)»: Համակարգող նախարարը շեշտել է, որ «այսպիսով, կառավարությունն այս տարի չի նախատեսում բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար»:

Համավարակի պատճառով հանրապետության իշխանությունները  մարտի վերջից փակել են սահմանները: Մինչդեռ Բալիի նահանգապետ Վայան Քոսթերը վերջերս մի քանի անգամ խոստումներ է հնչեցրել սեպտեմբերի 11-ից բացել համանուն հանգստավայրն օտարերկրացիների համար: