Արագած լեռան լանջին թաքնված է Հայաստանի ճարտարապետական ​​պատմության գանձերից մեկը՝ Ամբերդի ամրոցը, որի վսեմ ուրվապատկերը ոչնչի հետ չես շփոթի:

Արագածի հետ ծանոթությունը պետք է սկսել Ամբերդից: Արագածի հարավային գագաթի բարձրությունը 3879 մ է, հյուսիսային գագաթի բարձրությունը՝ 4090 մ: Ամրոցը գտնվում է ճանապարհի կեսին, ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, Երեւանից 600 մ բարձրության վրա:

Ասֆալտապատված ճանապարհն անցնում է գեղատեսիլ տեղանքով՝ ալպիական մարգագետիններ, նեղ մայրուղիներ, վրաններ, որոնք ամռանը տեղադրում են Արագածի լանջերին: Լեռների երեխաները ձեզ կառաջարկեն ծաղիկներ՝ Օստապ Բենդերի եւ Կիսա Վորոբյանինովի նման պահանջելով՝ «փող տուր, փող տուր»: 

Ամբերդի՝ հեռվից տեսանելի սեւ պատերը՝ պարուրված հայկական եռագույնով, ռոմանտիկ տրամադրություն են ստեղծում: Մտքում պատկերվում են ձիավորներ, ամրոցում ապրող հիասքանչ կանայք երկարափեշ զգեստներով: Միգուցե, գիշերները ամրոցի միջանցնքերով ուրվականներ են թափառել…

Իրողությունը, ինչպես միշտ, շատ ավելի թափանցիկ է: Նորարարություններից մեկն այն է, որ այժմ հուշարձան այցը վճարովի է, ՀՀ քաղաքացիների համար՝ 700 դրամ, արտասահմանցիների համար՝ երկու անգամ ավելի թանկ: Ընդ որում, տեղեկատվական վահանակները շատ ավելի քիչ են, քան կցանկանայինք տեսնել:

Ամբերդի ամրոցը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից համանուն գետի կիրճում: Հաջորդ 6 դարերի ընթացքում ամրոցը փոխել է իր տերերին՝ ենթարկվելով հարձակումների, փլուզվել է եւ կրկին կառուցվել: Վերջին տերերն են եղել Բագրատունի իշխանները: 1236 թվականին ամրոցը վերջնականապես փլուզվել է մոնղոլների կողմից եւ լքված մնացել 700 տարի՝ մինչեւ 1936 թվականի պեղումները:

Ապշեցուցիչ է ամպրոցի պատերի ամրությունը:

Ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին թվագրվում է 11-րդ դար: Ամրոցում եղել է կավե ջրատար խողովակ, որով ջուր է մատակարարվել 4-5 կմ հեռավորությունից: Պաշարման դեպքում նախատեսված են եղել գաղտնի մուտքեր, ջրի եւ սննդի պաշարներ: Հնագետները ենթադրում են, որ եռահարկ ամրոցը կարող է հպարտանալ իր ներքին շքեղ հարդարանքով:

Լիճ հասնելու համար պետք է տաք վերնահագուստ ունենալ, նույնիսկ հուլիսին այստեղ կարող է բավականին ցուրտ լինել: Ճանապարհը գնալով նեղանում է, մեքենաներն ընթանում են ճանապարհաեզրով:   

Արագածի եւս մեկ տեսարժան վայր է հայտնի Բյուրականի աստղադիտարանը: Ցանկացողները կարող են աստղադիտարան էքսկուրսիայի գնալ, սակայն դա արդեն այլ պատմություն է: