ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իսրայելը պայմանավորվել են լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել օկուպացված հողերի անեքսիայի դադարեցման հարցով գործարքի շրջանակում:

Այդ քայլը ԱՄԷ-ին դարձնում է Պարսից ծոցի առաջին արաբական պետությունը, որն ակտիվ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, հաղորդում է AP-ը:

Թրամփի խոսքով՝ դա «իսկապես պատմական պահ է»: «Այժմ, երբ սառույցը տեղից շարժվել է, ակնկալում եմ, որ արաբական եւ մուսուլմանական այլ պետություններ կհետեւեն ԱՄԷ-ի օրինակին»,-ասել է նա:

ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի ու Իսրայելի համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թրամփի թվիթից անմիջապես հետո: Հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում պատվիրակությունները կհանդիպեն ուղիղ չվերթների, անվտանգության, հեռուստահաղորդակցությունների, էներգետիկայի, տուրիզմի եւ առողջապահության ոլորտներում համաձայնագրեր կնքելու համար: Երկու երկրները նաեւ կհամագործակցեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բարձր է գնահատել գործարքը: