Երբ մարտի 25-ին նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Հնդկաստանում կարանտին մտցվեց, ամբողջ երկրում սեքս-ինդուստրիայի հարյուր հազարավոր աշխատողներ կտրվեցին իրենց հիմնական եկամտի աղբյուրից, գրում է DW-ն:

Չնայած օգնությանը, նրանցից շատերը դժվարանում էին ծայրը ծայրին հասցնել: «Մինչեւ հունիսի վերջը աշխատանք չկար: Մումբաիում ոստիկանության զգոնությունն այնքան ուժեղ էր, որ Կամատիպուրայի հասարակաց տներում որեւէ ակտիվություն չկար,- ասում է Prerana Anti-Trafficking հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Փրիթի Փաթքարը:

Համավարակի բռնկման ամենասկզբից իշխանությունները հիմնական սննդամթերքի տեսքով օգնություն էին ցուցաբերում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ սեքս-ոլորտի աշխատակիցներին:

Սակայն կառավարությունը ապահովում էր միայն պարենային քարտեր ունեցողներին: Ամբողջ Հնդկաստանում մարմնավաճառների ավելի քան 50%-ը չունի այդ քարտերը կամ նմանատիպ այլ փաստաթղթեր:

DMSC-ը, որը ներկայացնում է սեքս-ոլորտի ավելի քան 65 000 աշխատակիցների, նրանց ապահովում է հիմնական սննդով, հիգիենայի պարագաներով եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: Ընկերությունը գործում է Սոնագաչիում, Կալկաթայում՝ Ասիայի կարմիր լապտերների խոշորագույն շրջանում:

Խիստ մեկուսացման պայմաններում սեքս-ոլորտի աշխատակիցների համար աշխատելը գրեթե անհնարին է դարձել: Երբ մայիսին Հնդկաստանը սկսեց թուլացնել սահմանափակումները, ակտիվությունը վերադարձավ նաեւ կարմիր լապտերների թաղամասեր:

«Մենք ստուգում ենք ջերմաստիճանը եւ հաճախորդների մոտ ախտանիշների առկայությունը, երբ նրանք մտնում են տարածք: Մենք նաեւ ախտահանում ենք սենյակը հաճախորդների մտնելուց առաջ եւ հետո»,- ասում է գիշերային թիթեռնիկ եւ DMSC-ի քարտուղար Քաջոլ Բոզեն: «Որոշ բարձրակարգ մարմնավաճառներ կարողացել են գումար վաստակել հեռախոսով սեքսի եւ համացանցի միջոցով: Բայց դա բոլորի համար տարբերակ չէ»,- ասել է Բոզեն:

Հեռախոսով սեքսը, չնայած որ ֆիզիկական հեռավորության առումով լավագույն տարբերակն է, կարող է անընդունելի լինել առավել խոցելիների համար: «Սա տարբերակ է նրանց համար, ովքեր սպասարկում են միջին եւ բարձր եկամուտ ունեցող հաճախորդներին»,- ասել է նա: «Սակայն մյուսները չունեն դա անելու հմտություններ, տարածք եւ կապեր»: