Օգոստոս 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ Մաշտոցի պողոտայում բացահայտ հափշտակել են մի կնոջ պարանոցի շղթան: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Համատեղ աշխատանքի արդյունքում հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Դավիթաշենի 28-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 6-ին նա Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվեցին նրա կատարած այլ հանցարարքներ ևս: Մասնավորապես, օգոստոսի 5-ին Արցախի փողոցում մի կնոջ պարանոցից շղթա էր հափշտակել, իսկ մինչ այդ՝ հուլիսի 31-ին, Մաշտոցի պողոտայում մեկ այլ կնոջ էր կողոպտել` հափշտակելով ոսկյա շղթան:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: