Վերջին երկու տարվա ընթացքում Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն  30–ից ավելի դատական հայց է ներկայացրել Հայաստանի պետական կառույցների և ՀՀ քաղաքացիների դեմ։ 2018թ․ ամառվանից սկսած՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը միայն 15 դատական հայց ներկայացրել բնապահպանների, Ջերմուկ համայնքի բնակիչների, իրավապաշտպանների դեմ, ևս 16 հայցադիմում էլ  ներկայացրել  է Հայաստանի պետական կառույցների՝ այդ թվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության դեմ։ Ներկայացված հայցադիմումների մի մասով արդեն իսկ առկա է դատարանի վճիռ, իսկ գործերի մեծ մասով դեռևս դատաքննություն է ընթանում։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի վերջին հայցադիմումը Վարչական դատարան է մուտք եղել այս տարվա հուլիսի 20–ին՝ ընդդեմ ոստիկանության։ Մասնավորապես՝ ընկերությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով  դատարանից պարտավորեցնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնին՝ վերացնել «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող հողամասի տարածք կատարված ներխուժումը։ Հուլիսի 28–ին Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ. գործով առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 28–ին։

NEWS.am–ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը հայտնեց, որ մինչ այս պահը «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող հողամասի տարածք ներխուժումը վերացված չէ, ինչը հիմք է տվել ընկերությանը նոր հայցադիմում ներկայացնել դատարան։

 «Թեև տնակները տեղափոխված են, սակայն դեռ այնտեղ մեքենաներ կան, ինչը շարունակական բնույթ է կրում, այսինքն՝ նրանք շարունակական խոչընդոտներ են ստեղծում մեր աշխատակիցների և ընկերության մեքենաների տեղաշարժի համար»,–ասաց ընկերության ներկայացուցիչը։  Խոսքը «Ամուլսարի պահապանների» մասին է, որոնք գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները՝ այդպիսով թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը որևէ աշխատանք իրականացնել հանքավայրի տարածքում։

Նշենք, որ Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրը փաստացի դադարեցված է 2018թ․ հունիսից՝ դեպի հանք տանող ճանապարհների փակման արդյունքում։ Արդեն երկու  տարի է՝ Ջերմուկի, Կեչուտի ու Գնդեվազի բնակիչները, ինչպես նաև բազմաթիվ բնապահպաններ ու իրավապաշտպաններ պայքարում են հանքավայրի շահագործման դեմ՝ իրացնելով բնական միջավայրի մասին հոգ տանելու իրենց սահմանադրական իրավունքը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շուրջ իրավիճակը դարձյալ սրվեց օգոստոսի սկզբին, այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակները ու դրանց փոխարեն պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ տեղադրել, ինչն առաջացրել էր բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Ամուլսարի շուրջ քառօրյա լարվածությունը թուլացավ օգոստոսի 7–ի երեկոյան, երբ Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն տնակները  ճամփեզրից տեղափոխեցին մի քանի մետր հետ՝ «Լիդիան Արմենիայի» սեփականություն հանդիսացող տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն տնակը վերադարձրին սեփականատիրոջը։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  (ՎԶԵԲ) դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում։