ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Զերսի նահանգից) եւ սենատոր Քրիս վան Հոլենը (դեմոկրատ` Մերիլենդ նահանգից) ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ են արել ԵՄ-ի հետ միասին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի տնտեսության հիմնական ոլորտների դեմ` Միջերկրական ծովում գործողությունների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մենենդեսը եւ Հոլենը շեշտել են թուրքական նավերը միջազգային ջրերից դուրս բերելու անհրաժեշտությունը: «Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ ձեր հանդիպման նախօրեին մենք խորը մտահոգությամբ նամակ ենք ուղղում` Թուրքիայի Արեւելյան Միջերկրածովում սադրիչ գործողությունների կապակցությամբ: Թուրքիան ռազմական նավեր է ուղարկել նավթագազային հետախուզման նպատակով Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում նավն ուղեկցելու համար,- նշվում է հայտարարության մեջ: Մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային դուրս բերել իր նավերը եւ հարցը կարգավորել միջազգային օրենսդրությանը համապատասխան»:

«Մենք ձեզ կոչ ենք անում անհապաղ աշխատանք սկսել ԵՄ-ի հետ` Թուրքիայի աճող սադրիչ եւ ապօրինի գործողություններին պատասխան համակարգելու ուղղությամբ,- դիմել են օրենսդիրները Պոմպեոյին:- ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է անհապաղ համապարփակ պատժամիջոցների համատեղ պլան մշակեն, որոնք կազդեին Թուրքիայի տնտեսության առանցքային ոլորտների վրա, եթե Թուրքիան շարունակի իր ապօրինի գործողություններն Արեւելյան Միջերկրածովում եւ հրաժարվի այդ խնդիրները լուծել անաչառ միջազգային դատարանում»:

Դենդիասն օգոստոսի 6-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սամեհ Շուքրիի հետ ծովային գոտիների սահմանազատման մասին համաձայնագիր էր ստորագրել: Ըստ Աթենքի` այս պայմանագիրը սահմանում է Հունական կղզիների իրավունքը ծովային ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Անկարան չի ճանաչում այդ փաստաթուղթը եւ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկեց իր Oruc Reis հետախուզական նավը Կաստելորիզո կղզու մերձակայքում գտնվող հունական ծովային ծանծաղուտներ` սեյսմիկ հետախուզման համար: Ի պատասխան` Հունաստանն իր զինված ուժերը մարտական պատրաստության վիճակի բերեց եւ հայտարարեց, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները: