«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ամփոփ տեղեկատվություն: Նկատենք, որ հաշվետվության մեջ արձանագրվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։

Այսպիսով, ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով. 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը: Շեղումը կազմել է 161.2 մլրդ դրամ, որը հիմնականում արձանագրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում»: