Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը` այն «ռազմավարական հիմարություն» անվանելով, որը, ի վերջո, միայն կամրապնդի դիմադրության տարածաշրջանային ճակատը, հայտնում է PressTV-ն:

«Անկասկած, համաձայնագիրը կամրապնդի դիմադրության առանցքը տարածաշրջանում»,- նշել են նախարարությունում: «Պատմությունը ցույց կտա, թե ինչպես սիոնիստական ​​ռեժիմի այս ռազմավարական սխալը եւ էմիրությունների կողմից դավաճանության այս գործողությունը պաղեստինցիների դեմ եւ, որպես արդյունք` ամբողջ մահմեդական համայնքի, կհանգեցնեն դիմադրության առանցքի ամրապնդմանը»:

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ճնշված պաղեստինյան ժողովուրդը եւ աշխարհի բոլոր` ազատության ձգտող ժողովուրդները երբեք չեն ներելու «օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման կամ դրա վայրագությունների հետ հաշտեցման» գործողությունները:

Իրանի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել տարածաշրջանի պետություններին, որոնք համակրանք են ցուցաբերում իսրայելական ռեժիմի նկատմամբ եւ խախտում են տարածաշրջանի այնպիսի ժողովուրդների իրավունքները, ինչպիսիք են պաղեստինցիները եւ եմենները, «փոխարենը խելոքանալ եւ իրենց թշնամիներին ընկերներ չհամարել»:

Հայտարարությունն ուժեղ նախազգուշացում է պարունակում «սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած  միջամտության դեմ Պարսից ծոցի տարածաշրջանի հավասարումներին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Էմիրությունները պետք է ամբողջական պատասխանատվություն ստանձնեն բոլոր այն հետեւանքների համար, որոնք կարող են հետեւել նրաց «խայտառակ» մերձեցմանը «մտացածին եւ անմարդկային օկուպացիոն ռեժիմի» հետ: