Խաղաղության չի կարելի հասնել Հայաստանի միակողմանի գործողություններով, քանի որ մենք կարող ենք իրական խաղաղության հասնել, եթե Ադրբեջանը մեր ջանքերին փոխադարձությամբ պատասխանի: Այս մասին BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ես խաղաղության նոր բանաձեւ եմ առաջարկել. ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար: Ես ՀՀ առաջին առաջնորդն եմ, ով ասել է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար: Սակայն, ցավոք, Ադրբեջանը չի պատասխանել իմ առաջարկին»,-նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանի վրա ռազմական հարձակումը: «Եվ դա առանձին դեպք չէ: Երկար տարիներ Ադրբեջանի նախագահը ռազմական հռետորաբանություն է զարգացրել՝ հայտարարելով, որ ԼՂ հակամարտությունը մտադիր է կարգավորել ռազմական ուժի օգնությամբ»,- հավելել է նա:

Հաղորդավարը նկատել է, որ Փաշինյանն ինքն է մի քանի ամսվա ընթացքում «սադրիչ գործողություններ ձեռնարկել, որոնք սրել են Լեռնային Ղարաբաղում լարվածությունը», մասնավորապես, երբ Ստեփանակերտ այցի ժամանակ նա հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Դրան ի պատասխան վարչապետն ասել է.

«Ամեն անգամ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը: Եվ դա շարունակվում է նորից ու նորից, եւ այդ պատճառով մենք առաջարկում ենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության միջազգային մեխանիզմ ստեղծել: Երկրորդ հերթին, թե ինչու եմ ես ասել, որ Արցախը Հայաստան է. նախ, Արցախը մի քանի հազարամյակ բնակեցված է եղել հայ ժողովրդով: Ի դեպ, Արցախ անվանումը մի քանի հազար տարեկան է»:

Հաղորդավարն առաջարկել է հարցը չդիտարկել հազարամյակների պատմության համատեքստում, այլ անդրադառնալ այսօրվա իրականությանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է բանաձեւ, որը հստակ պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից: «Միջազգային իրավունքով ձեր ուժերը օկուպացիոն ուժեր են: Եվ եթե գնում եք այնտեղ եւ ասում, որ այդ տարածքը ձեզ է պատկանում, ստացվում է, որ դուք խաղաղարար չեք»,-ասել է նա:

«ՄԱԿ-ի փաստաթղթում չեն հիշատակվում ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Այնտեղ խոսքը Արցախի ինքնապաշտպանության ուժերի մասին է: Երկրորդ հերթին, դուք առաջարկում եք անդրադառնալ ներկայիս իրողություններին: Իսկ իրողությունն այն է, որ հակամարտության պահին Լեռնային Ղարաբաղի բնակչության 80–90 տոկոսը եղել են հայեր: Եվ Ադրբեջանը փորձել է այդ հողերը մաքրել հայերից, եւ հենց այդ պահից սկսվել է կոնֆլիկտը»,-նշել է Փաշինյանը:

Հաղորդավարը հստակեցրել է, որ իր հարցը վերաբերում է խաղաղության հասնելու Փաշինյանի խոստումներին. «Օրինակ, նշեմ, որ ձեր կառավարությունը մտադիր է Հայաստանից դեպի ԼՂ նոր ճանապարհ կառուցել հարավային երթուղով: Եվրախորհրդարանի պատգամավորների խումբը, որն ուսումնասիրել է այդ ծրագիրը, դա միջազգային իրավունքի խախտում է անվանել: Դուք կհրաժարվե՞ք այդ ծրագրից»:

«Լեռնային Ղարաբաղում ճանապարհ է կառուցում ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ Արցախի կառավարությունը, որը գործում է իր բնակչության շահերի շրջանակում: Դուք գիտեք, որ Ղարաբաղում ապրում ենք մարդիկ եւ ունեն իրենց պահանջները: Ադրբեջանը, ի դեպ, ԼՂ մեկուսացման եւ շրջափակման քաղաքականություն է վարում: Ի դեպ, նույն քաղաքականությունն է վարում նաեւ Հայաստանի նկատմամբ»,-ընդգծել է Փաշինյանը:

Հաղորդավարը նշել է, որ Փաշինյանի ռազմավարությունը հիշեցնում է նրա նախորդների ռազմավարությունը:

«Չեմ համաձայնի նրա հետ, որ դուք մեր դիրքորոշումն ազգայնական եք անվանում, քանի որ ԼՂ-ում ապրող հայերը գոյության սպառնալիքի տակ են գտնվում: Իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք հրաժարվել ուժի կիրառումից: Մենք պետք է շատ պարզ բանաձեւ համաձայնեցնենք: Եվ դա ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը չէ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ասել, որ անցյալում, հատկապես՝ 1990-ականների սկզբին եւ 1980-ականների վերջին, հայկական ուժերը մի քանի լուրջ հանցանք են գործել՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մարդկանց իրավունքների խախտման հետ, եւ արդյոք Հայաստանը պատրաստ է խոստովանել եւ ներողություն խնդրել, Փաշինյանը նշել է. «Ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է: Այդ պատճառով մենք ասում ենք՝ եկեք հրաժարվենք հակամարտության ռազմական կարգավորումից, եւ ցանկացած խաղաղություն դա փոխզիջում է, եւ Հայաստանը միշտ պատրաստ է փոխզիջման»:

Հարցին, թե արդյոք այժմ պատրաստ են ներողություն խնդրել՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին ՄԻԵԴ կատալոգը, Փաշինյանն ասել է. «ՄԻԵԴ-ն ունի ադրբեջանցիների վայրագությունների կատալոգը: Այստեղ հարկ է հիշել Սումգայիթի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 90-ականների վերջին, երբ Ադրբեջանի կառավարությունը նախաձեռնեց հայերի ջարդերը Սումգայիթում եւ Բաքվում»:

Հաղորդավարը շարունակել է պնդել. «Ես պարզապես ցանկանում էի իմանալ, թե արդյոք դուք պատրաստ եք պատասխանտվություն կրել եւ ներողություն խնդրել Հայաստանի զինված ուժերի կատարած հանցանքների համար: Ամեն ինչ պարզ է՝ այո կամ ոչ»: «Պետք է ապացուցել, թե ով է վայրագություններ կատարել: Կարծում եմ՝ ԼՂ-ի եւ Ադրբեջանի հայերը զոհեր են, եւ մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած պահի»,-պատասխանել է Փաշինյանը: