Գյուղատնտեսության ոլորտի աջակցման՝ նախօրեին ընդունված ծրագրով ՀՀ կառավարությունը մտադիր է ընկերություններին անտոկոս վարկեր տրամադրել խաղողի գնման համար: Կտրամադրվի մինչեւ 3 մլրդ դրամ անտոկոս վարկ 2 տարի ժամկետով: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ աջակցությունից կօգտվեն ընկերությունները, որոնք գինի եւ կոնյակ են արտադրում, ծրագրին մասնակցության պայման է այն, որ գումարը կփոխանցվի ոչ թե ընկերություններին, այլ ֆերմերային տնտեսություններին, որոնք խաղող են արտադրում:

Նախարարը պարզաբանեց, որ նման մոտեցման պատճառ է այդ ընկերությունների ծավալների էական կրճատումը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Վաճառքների ծավալները կրճատվել են ընդհանուր առմամբ ավելի քան 30 տոկոսով: Վաճառքների ծավալների կրճատման ֆոնին կրճատվում են նաեւ ընկերությունների ֆինանսնական հնարավորությունները: Հենց այդ պատճառով պետությունը մտադիր է այդ ընկերություններին ապահովել ֆինանսական միջոցներով, որպեսզի բարդություններ չառաջանան խաղողի գնման ու ֆերմերային տնտեսություններին վճարման հետ:

Վարկի առավելագույն շեմը կազմում է 3 մլրդ դրամ, արտոնյալ շրջանը՝ 3-6  ամիս: