Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետեւանքները,  Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 եւ 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։

Հիմնադրամի համանախագահներ Ժան եւ Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։   

Բեյրութի Մեսրոպյան դպրոցը, որին Պողոսյան հիմնադրամն աջակցում է 1996 թվականից, պայթյունի հետեւանքով հիմնովին վնասվել է. փշրվել են ապակիները, քանդվել պատերը։ Ուսումնական տարվա մոտենալու հետ խիստ հրատապ է դպրոցի շենքի վերականգնումը եւ վերանորոգումը։  

Պողոսյան հիմնադրամը 1988 թվականից կրթական եւ մշակութային խոշոր ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում (Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի հիմնում, Սպիտակ քաղաքում մշակույթի պալատի եւ երաժշտական դպրոցի կառուցում, Թալինի տարածաշրջանի բոլոր գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցում եւ այլն)։ Ժան եւ Ալբերտ Պողոսյանների ջանքերով հիմնովին վերանորոգվել է Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)։ 2000 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նախաձեռնել եւ ամբողջովին ֆինանսավորում է ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը (2020 թվականից՝ Պողոսյան մցանակ)։ 2006-2008 թվականներին Պողոսյան հիմնադրամը նախաձեռնել եւ իրականացրել է Երեւանի Սիրահարների այգու վերակառուցումը, եւ Երեւանի քաղաքապետարանի հետ աջակցում է այգու պահպանմանը։