Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվության ծառայությունից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաեւ հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ռազմավարությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ շոշափելի արդյունքներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացվել նաեւ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության, տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգումն ու իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Վարչապետը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում հանրային կառավարման բարեփոխումներին համընթաց ռեֆորմների իրականացումը: Մասնավորապես, կառավարության ղեկավարն ընդգծել է շինթույլտվությունների գործընթացի պարզեցման, դրանց տրամադրման ժամկետների օպտիմալացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ կրթական, առողջապահական, մշակութային, մարզական եւ այլ նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամկետների պահպանման ուղղությամբ: