Հայաստանում ավտոմեքենաներ գնած ռուսաստանցիները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, որը ստացել է NEWS.am-ի խմբագրությունը, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան պարոն վարչապետ, ոչ միշտ է, երբ մենք դիմում ենք Ձեզ օգնության համար: Սակայն սա հատուկ դեպք է: Մենք՝ ՌԴ 3000 քաղաքացիներս, այսօր դիմում ենք Ձեզ օգնության ակնկալիքով: Հավատալով Եվրասիական Միության սկզբունքներին, որի ներսում մարդիկ, ապրանքները, կապիտալներն ազատ տեղաշարժվում են, մենք եկանք Հայաստան եւ ավտոմեքենաներ գնեցինք, որով պետք է երթեւեկեինք մեր հայրենիքում՝ Ռուսաստանում: Մինչեւ 2020 թվականը Հայաստանում գործում էին ցածր մաքսային տոկոսադրույքներ՝ ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների: Այսինքն՝ մենք կարող էինք մեզ թույլ տալ գնել էժան գնով ավտոմեքենաներ, որոնք բերվել էին ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից: Մեր շարքերում կան շատ բազմազավակ ընտանիքներ, մարդիկ, որոնք առողջական խնդիրներ ունեն, եւ որոնք չեն կարող իրենց թույլ տալ ռուսական ավտոշուկայում ավտոմեքենա գնել: Նրանց կարելի է համացանցում գտնել «#свободуармавто» հեշթեգով: Իհարկե, մինչեւ Հայաստանում ավտոմեքենա գնելը մենք հարցում ենք ուղարկել ռուսական մաքսատուն եւ ՃՈ, որտեղից մեզ հայտնել են, որ որեւէ սահմանափակում մեզ համար չի լինի: Մենք չգիտենք՝ ինչ տեղի ունեցավ այս տարվա հունիսին, երբ ՌԴ պետավտոտեսչությունն իր ղեկավարության հրամանով սկսեց կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները, ընդ որում ամենուր՝ Սիբիրից մինչեւ Սեւ ծով եւ Դաղստանից մինչեւ Մոսկվա: Հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գնված ավտոմեքենաները պետք է մաքսազերծել, այսինքն՝ վճարել տարբերությունը մեկ միլիոն ռուբլիի չափով, օրինակ, կես միլիոն ռուբլի արժողությամբ մեքենայի համար: Ինչո՞ւ ենք դիմում Ձեզ: Մենք արդեն ՀՀ տնտեսության համար տրիլիոն դոլար եկամուտ ենք ստեղծել, հարկեր ենք վճարում Հայաստանում եւ ցանկանում ենք երթեւեկել մեր ավտոմեքենաներով: Հայաստանը մեր անունով գրանցել է ավտոմեքենաները եւ հանգիստ թողել է անցնել սահմանը, իսկ դա նշանակում է, որ մենք այդ ավտոմեքենաների օրինական սեփականատերերն ենք:

Խնդրում ենք Հայաստանի դիրքորոշումը հայտնել ԵԱՏՄ մյուս անդամներին եւ հարցը կարգավորել: Սպասում ենք Ձեր պատասխանին: Ձեզ հավատում եւ Ձեզնով հպարատանում է հայերի մեծ մասը, նրանց օրինակին հետեւելով՝ մենք եւս ապավինում ենք Ձեր աջակցությանը»: