Ֆրանսիան երկու Rafale կործանիչ է ուղարկել Հունաստան եւ Կիպրոս: Նախագահ Էմանուել Մակրոնի նպատակն է զսպել Թուրքիային Հունաստանի հետ կոնֆլիկտ սկսելուց, գրում է Washington Examiner-ը:

Թուրքիան սեյսմիկ հետազոտություն անցկացնելու համար նավ է ուղարկել Հունաստանի բացառիկ տնտեսական գոտի: Ի պատասխան՝ Հունաստանն այդ շրջան ռազմածովային նավատորմ է ուղարկել: Լարվածությունը շարունակում է աճել:

Պարբերականը նշում է, որ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հոգեկան կասկածելի վիճակն ու այդ ճգնաժամն իր ուլտրաազգայնական վարկանիշն օգտագործելու նրա նպատակները՝ նա քիչ հավանական է, որ կզիջի: Իրավիճակը բարդացնում է Էրդողանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վլադիմիր Պուտինին դուր է գալիս ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների միջեւ կոնֆլիկտը:

Կոնֆլիկտում իրենց դերն ունեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մերկելը կարեւոր է համարում կոնֆլիկտի կարգավորումը, սակայն ֆրանսիական ռազմական գործունեությունը եւս որոշիչ դեր ունի: Մակրոնը 2 կործանիչ եւ 1 ռազմանավ է ուղարկել: Չնայած նրան, որ Հունաստանի նավատորմը զիջում է թուրքականին, ֆրանսիական նավատորմը գերազանցում է դրան: Ֆրանսիայի որակավորված ռազմաօդային ուժերն ունեն ավելի քան 100 ժամանակակից Rafale կործանիչներ, իսկ միջերկրածովյան Տուլոն նավահանգստում են գտնվում 5 ատոմային սուզանավեր եւ 2 Horizon դասի ֆրեգատներ:

Իհարկե, Մակրոնի մտադրությունն Էրդողանի հետ պայքար սկսելը չէ:

Դրա փոխարեն նա մտադիր է «վատ ոստիկանի» դեր խաղալ, այն դեպքում, երբ Մերկելը հանդես է գալիս «լավ ոստիկանի» դերում: Վատ ոստիկանի դերը որոշիչ է՝ նշում է պարբերականը: