Չէի ասի, թե ինչ-որ աղետ է կամ էլ չափազանց լարված իրավիճակ, սակայն խնդիրները շատ են, եւ դրանք պետք է լուծել: Մենք այսօր հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է «Բելթա»-ն:

«Ինչպես ասել ենք, այս ամենի հեղինակները գտնվում են արտասահմանում: Առաջին շարքերում են քրեական անցյալ ունեցող մարդիկ: Չեմ կարող այսօր ինչ-որ մեկին պահանջ ներկայացնել: Չեմ կարող, քանի որ տեսնում եք՝ ինչպես է զարգանում իրավիճակը: Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից եւ մյուսներից՝ մենք բոլորս սլավոնացիներ ենք, եթե մարդն ընկել է, նրան չի կարելի ծեծել: Այո, կապտուկները կանցնեն: Գրեթե հարյուր մարդ է տուժել: Ի՞նչ է, դա պե՞տք է ՕՄՕՆ-ին կամ ոստիկանությանը: Ոչ, նրանք դուրս են եկել՝ պաշտպանելու քաղաքացիներին, իսկ նրանք մեջքից հարվածում են»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն խնդրանքով դիմել է մարդկանց. «Փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ եւ ձեր երեխաներին օգտագործում են:

Արդեն ագրեսիա է սկսվել մեր երկրի դեմ՝ Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից ու Նավալնիից, եւ այդպես շարունակ… Ասեք, խնդրեմ, իսկ ինչպե՞ս պետք է վարվի զինվորականը: Դուք ուզում եք, որ ես նստեմ եւ սպասեմ, թե երբ են Մինսկը տապալում: Այդպես մենք չենք կայունացնի իրավիճակը: Այդ պատճառով պետք է կանգ առնել եւ թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել»: