Երկու խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի РБК և BBC հեռուստաընկերություններին տված հարցազրույցների մասին։ Խոսքը վերաբերում է, ոչ թե լրագրողների հարցերի պատասխանների բովանդակություններին, այլ լեզվին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա գրել է. «Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է առաջին հերթին փայլուն տիրապետեն իրենց մայրենի լեզվին, իմ համոզմունքն է։ Սակայն այդ բնավ չի նշանակում, որ մենք չպետք է, ավելին՝ ցանկալի է նույնպես փայլուն տիրապետենք նաև օտար լեզուների։ Ինչ վերաբերում է քաղաքական, հատկապես պետական գործիչներին, այն նույնիսկ պարտադիր է ։ Բայց, գոյություն ունի մի բայց, հատկապես պետության ղեկավարին վերաբերող։ Նույնպես համոզված եմ, որ պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով, իսկ նախապես տարբեր լեզուներով թարգմանված ելույթի տեքստը , թարգմանիչները սինխրոն կկարդան ունկնդիրների համար։ Այսպես, հիշում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ֆրանսերեն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անգլերեն, միայն կարծեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայերեն( գուցե օտար լեզուներին բավարար չտիրապետե՞լն էր պատճառը, չգիտեմ), ապա, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ի դեպ երկու անգամ, նորից օտար լեզվով՝ անգլերեն։ Այլ հարց է միջպետական կառույցներում քննարկումների ժամանակ կիրառվող լեզուն,օրինակ ԵԱՏՄ շրջանակներում ՝ ռուսերենը։ ՀՀ վարչապետը, եթե նույնիսկ փայլուն տիրապետեր ռուսերենին , կամ անգլերենին, կարծում եմ հարցազրույցները պետք է տար հայերեն։ Բոլորովին պարտադիր չէ, ցուցադրել քո օտար լեզուների իմացությունը։ Օտար լեզուներին տիրապետելն ինքնին, չի նշանակում լինել ինտելեկտուալ, զարգացած, լուրջ քաղաքական գործիչ։ Իսկ մայրենի լեզվով խոսելը ,գոնե և առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է»։