Թուրք պաշտոնատար անձինք շարունակել են քննադատել ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հայտարարությունների տեսանյութը, որը անցած հանգստյան օրերին տարածվել է սոցիալական ցանցերում, փոխանցում է Bloomberg-ը:

The Weekly վավերագրական սերիալում, որը նվիրված է New York Times-ում նշանավոր վերնագրերին, Բայդենը պատմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ հարաբերությունների իր տեսլականի մասին՝ անվանելով նրան «ավտոկրատ»: Բայդենը նաեւ ասել է, որ նախագահ դառնալու դեպքում «կքաջալերի» թուրքական ընդդիմությանը՝ Էրդողանին հաղթելու համար:

Տեսանյութը բացասական արձագանք է առաջացրել, թուրք քաղաքական գործիչները եւ քաղաքագետները իրենց անհամաձայնությունն են հայտնել:

«Հետաքրքիր է, որ նախագահի թեկնածուն, որը նաեւ փոխնախագահ է եղել, նման սխալներ է թույլ տալիս»,- մեջբերում է Bloomberg-ը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի կարծիքը, որ նա հայտնել է Դոմինիկյան Հանրապետությունում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:

Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) մամուլի քարտուղար Ֆաիք Օզտրակը ասել է, որ Թուրքիայի քաղաքական ընդդիմությունը հոգում է ազգի շահերը, ոչ թե՝ Միացյալ Նահանգների: «Մեր ժողովրդավարությունը եւ ազատության ձգտումը իմպերիալիզմի հովանավորության կարիքը չունեն»,- գրել է Օզտրակը Twitter-ում: «Անկախությունը մեր բնույթն է»: