Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, ընթանում է «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը հայտնել էր, որ առկա է հայցային վաղեմության խնդիր եւ դիմում էր ներկայացրել՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն։

Դատարանն էլ արձանագրել էր, որ պետք է քննարկվի հայցային վաղեմության կիրառման խնդիրը եւ ապացուցման բեռի բաշխումը, սակայն դիմումի օրինակը պատասխանող կողմը չի ներկայացրել հայցվոր կողմին։

Դատարանը հետաձգել էր հայցի քննությունը, քանի որ հայցվոր կողմը պետք է ծանոթանար դիմումին։

Նշենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.

«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։

Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.

«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։