Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ Իրանի հանդեպ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները վերականգնելու իր պահանջի մասին՝ վկայակոչելով Իրանի կողմից 2015 թվականի միջուկային գործարքի լուրջ խախտումները:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ծանուցումը ներկայացրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին: Մինչ Պոմպեոն խորհրդի նախագահին կներկայացներ ծանուցումը, մյուս անդամները մերժել էին այդ քայլը, հայտնում է AP-ը:

Խորհրդի մնացած անդամներից ոչ մեկը չի կարծում, որ ԱՄՆ-ն օրինական իրավունք ունի պահանջել պատժամիջոցների վերականգնում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. դուրս է եկել միջուկային գործարքից։

Նամակում, որը Պոմպեոն ներկայացրել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան Դայան Տրիանսյախ Ջանիին, ում երկիրը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծանուցել է այդ կազմակերպությանը Իրանի կողմից միջուկային գործարքի հետ կապված «պարտականությունների էական չկատարման» մասին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել է Իրանի կողմից համաձայնագրի որոշ խախտումների մասին, սակայն Թեհրանն ասում է, որ դրանք ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի խախտման հետեւանքն են։

Քրաֆթի նամակն ուղեկցվում է վեց էջանոց բացատրությամբ, թե ինչու է ԱՄՆ-ը կարծում, որ պահպանում է միջուկային գործարքի կողմերին տրված «հետադարձ մեխանիզմն» օգտագործելու իրավունքը։

ԱՄՆ-ը պնդում է, որ միջուկային գործարքից իր դուրս գալը չի չեղարկում պատժամիջոցների վերականգնման պահանջի իրավունքը՝ որպես Անվտանգության խորհրդի սկզբնական մասնակից եւ ԱԽ մշտական անդամ:

Սակայն այս փաստարկն արդեն մերժվել է խորհրդի մյուս անդամների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից:

2231 բանաձեւը, որն ընդունվել է 2015 թվականին, պարունակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմ, եթե երկիրը չի կատարում ՀՀԳԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Այս մեխանիզմը գործում է 10 տարվա ընթացքում՝ 2015 թվականից: Բանաձեւը ենթադրում է, որ եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվեն Իրանի կողմից որեւէ լուրջ խախտումներ, ապա երկիրը կկարողանա խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե ընդունվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւ: Իսկ եթե մշտական անդամներից գոնե մեկը դեմ արտահայտվի դրան, պատժամիջոցները ինքնաբերաբար կվերականգնվեն 30 օրվա ընթացքում: