Ազգային փոստային օպերատորի զարգացման նոր ռազմավարություն է մշակվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ վերսկսվել է «Հայփոստի» դուստր ընկերության գործունեությունը ԱՄՆ Դելավեր նահանգում: Նախարարի գնահատմամբ՝ դա խթանում է ԱՄՆ-ի հետ առեւտրաշրջանառությունը: Ինչպես նաեւ «Հայփոստը» մտադիր է դուստր ընկերություն հիմնել Չինաստանում:

ՌԴ փոստային ծառայության հետ բանակցություններ են ընթանում, որոնց նպատակն է երկու երկրների միջեւ ներքին սակագներով փոստային փոխանցումների ապահովումը:

Հայաստանի եւ Ռուսաստանի փոստային ծառայությունները տարածաշրջանում առաջինն են, որոնք թողարկել են Postransfer դրամային փոխանցումների նոր համակարգը: Համակարգը թույլ է տալիս Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ դրամային փոխանցումներ իրականացնել Հայաստանի եւ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից ընդամենը 1,2 տոկոս կոմիսիոն վճարմամբ:

Նախարարը նշեց, որ Հայաստանում դրամային փոխանցումները կսպասարկվեն ավելի քան 800 փոստային բաժանմունքներ, Ռուսաստանում՝ ավելի քան 30 000: «Դա նշանակում է, որ դրամային փոխանցումները հասանելի են նույնիսկ ամենահեռու տեղակայված բնակավայրերում»,-հայտարարեց նա:

Արշակյանը հայտնեց, որ «Հայփոստը» եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ իրականացրել են անկանխիկ փոստային վճարումների համակարգի թվայնացման պրոցեսը: Ներդրվել է փոստային ծառայությունների հիբրիդային համակարգ, ինչը շատ առումներով նվազեցնում է պետության ծախսերը:

Նրա խոսքով՝ մշակվել է նաեւ 2020-2025թթ. Հայաստանի թվայնացման ռազմավարությունը: Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում է թվայնացման եւ կիբեռանվտանգության պրոցեդուրաների ստանդարտների մշակման պրոցեսը: