Գուցե չարժեր չափազանցնել հուլիսյան բախման մասշտաբները, եթե չլիներ անընդհատ սպառնալիք, որ ցանկացած նման բախում կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա` օբյեկտիվորեն այդպիսի սպառնալիք կա անընդհատ` շփման գծի ողջ երկայնքով: «Դրանով էլ բացատրում է Ռուսաստանի եւ միջնորդների արագ արձագանքը` մարել հիմա, որպեսզի ավելի մեծ հրդեհի հետ կապված խնդիրներ չառաջանան: Հուլիսյան բախումների մասշտաբներն ինքնին մեծ չէին, նույնիսկ անհամեմատելի էին 2016-ի իրադարձությունների հետ, սակայն ավելի մեծ գործողությունների վերաճման սպառնալիք միշտ կա: Դրանով էլ բացատրում է լրատվամիջոցների եւ միջնորդների, միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքը շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Սա անկայուն հավասարակշռություն է: Իսկ «Ակն ընդ ական» սկզբունքը միշտ է գործում առաջնագծում»,- նշել է նախկին նախագահը: