Ավտոներկրողներն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության անդամների հետ հանդիպում ավտոմեքենաների ներկրման եւ արտահանման խնդիրների լուծման հետ կապված։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ԵԱՏՄ անդամ-երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցի լուծումները դժվարացել են եւ ձգձվում են. «Օգոստոսին է եղել հանդիպումը եւ անցել է բավականին ժամանակ։ Այն ակնկալիքները, որոնք ունեն երկրորդական ավտոշուկայի ներկայացուցիչները եւ ավտոներկրողները չեն, չեն արդարացել։ Բոլոր այն հանդիպումները, որոնք եղել են, կառուցողական ոչ մի արդյունք ցույց չեն տվել։ Թվով 300 հազար քաղաքացիներ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով, արձագանքել իրենց խնդրին, քանի որ հայկական համարանիշներով հաշվառման տրանսպորտային միջոցների հետ կապված ՌԴ-ի տարածքում ԵԱՏՄ անդամ-երկրներում անընդհատ ինչ-որ իրավական գործընթացներ են լինում. տուգանային հրապարակ տեղափոխելու, տեղում արձանագրումներ կազմելու, պատրադրելու՝ մաքսազերծվի տվյալ ապրանքը, մինչդեռ նախորդ տարի երբ այդ մեծ քանակի ներկրումն էր տեղի ունենում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի մակարդակով ավտոներկրողներին եղել են բացահայտ խոստումներ, որ որեւէ խնդիր չկա որեւէ պետության հետ»։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ խոսակցություններ կան, որ ԵԱՏՄ անդամ-երկրներում միջանձնային խնդիրներ են այդ հարցի վերաբերյալ. «Եթե մարդիկ ունեն իշխանություն եւ հնարավորություն լուծելու հարցերը. ի՞նչն է խանգարում, որ այդ հարցերը չեն լուծվում։ Կան որոշակի փաստարկներ, որոնք հիմնավորում են այն վարկածը, որ կան միջանձնային խնդիրներ։ ՌԴ քաղաքացիների այն դիմումները, որոնք ուղղված են վարչապետին, մնացել են անպատասխան»։

Նրանք առաջարկում են Հայաստանում ստեղծել մի գերատեսչություն, որը կլսի ավտոներկրողների եւ արտահանողների խնդիրները. «Հաշվի առնելով մեծածավալ այս ներկրումների արդյունքում ՀՀ պետական բյուջեն ունեցավ բազմամիլիոնանոց եկամուտներ եւ դրա կառավարումը բխում է մեր պետության պատկան մարմինների հետաքրքրությունից, որպեսզի այս պրոցեսը շարունակական լինի եւ ներկրողների ու արտահանողների իրավունքները պաշտպանված լինեն եւ ՀՀ տնտեսությունն այս առումով վստահելի լինի, կրկին պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք եւ ձեւավորենք գերատեսչական մի հանձնաժողով. լինեն շահագրգիռ պետական կառույցներից ներկայացուցիչներ, որոնց կներկայացվեն կոնկրետ խնդիրները եւ ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում կկարողանան լուծել»։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ՌԴ-ում շարունակում են ավելի մեծ քանակով մեքենաներ առգրավվել. «Այստեղ միջպետական հարաբերությունների մակարդակով է հարցը բարձրացվում։ Այս մեքենաները սահմանված կարգով են գնացել ՌԴ, սահմանված կարգով էլ մաքսազերծվել են ու սահմանված կարգով անվանափոխություն է տեղի ունեցել։ Այստեղ բացասական միտումներ ենք տեսնում։ Շատ ենք ուզում, որ ինչ-որ մեկը մեզ հետ կոնտակտի դուրս գա, որովհետեւ այս հարցն այսպես թողնելը նշանակում է բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, տուն կորցնել։ Ում հետ ուզում ենք հանդիպել, դուռը մեզ վրա են փակում։ Կառավարության անդամներից առաջին հերթին հանդիպում ենք պահանջում։ Ոչ մեկ մեզ չի ասում, թե այս վիճակը որքան է տեւելու։ Մարդիկ պատքերի տակ են, մեքենաներն էլ փողոցներում շարված է։ Ամենամեծ խնդիրն այն է, որ ավտոմեքենաների մեծ հոսք կարող է գալ ՌԴ-ից Հայաստան։ Դրա համար պետք է նախօրեք այս ամենը կանխվի»։