«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները վաղվանից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նրանց ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը։

««Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսեւորում բավարար կամք եւ ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից, կամ նրանց ընծայվում էր, այսպես կոչված, հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից»,- ասաց Եգորյանը՝ անդրադառնալով վերջին 2 տարվա իրողություններին:

Եգորյանի խոսքով՝ «Մարտի 1-ի» գործը մեկ դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է. «Այժմ, երբ Մարտի 1-ի հիմնական գործի նախաքննությունը, ըստ էության, դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության եւ ֆարսի, դատարանի բակում եւ նիստերի դահլիճում տիրում է կամայականություն, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների դեմ եւ արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարծես միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ է կարողանում իրացնել, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»։