«Համատեղ կինոարտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է կինոարտադրության ոլորտում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության զարգացման անհրաժեշտությամբ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Համատեղ կինոարտադրության մասին» վերանայված կոնվենցիայի վավերացման քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը։

Կոնվենցիայի նպատակը, նրա խոսքերով, կինեմատոգրաֆիական ժապավենների համատեղ արտադրության մասին 1992թ. հոկտեմբերի 2-ին ստորագրված (Հայաստանում ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 1-ից) եվրոպական կոնվենցիայի արդիականացումն է, ինչպես նաեւ կինեմատոգրաֆիայի ոլորտում աշխատանքի համար իրավաբանական եւ ֆինանսական հիմքերի ապահովումը` երեք կամ ավելի երկրների կինոընկերությունների մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմերի համատեղ արտադրության նպատակով:

«Վերանայված կոնվենցիան կարող է օգտագործվել նաեւ կողմերի միջեւ երկկողմ ձեւաչափով համատեղ կինեմատոգրաֆիական արտադրության մասին առանձին համաձայնագրի բացակայության պայմաններում»,- ընդգծեց Խզմալյանը:

Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ այս կոնվենցիայի փոփոխությունների վավերացման արդյունքում տեղական կինոգործիչներին կտրվի ավելի լայն եւ ժամանակակից իրավական հիմք` ֆիլմերի արտադրության համատեղ նախագծերի իրականացման համար, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի Հայաստանում կինոարդյունաբերության խթանման եւ զարգացման համար:

Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս հարցին: