Ադրբեջանի գլխավոր գող Նադիր Սալիֆովի (Գուլի) ժառանգն ու եղբայրը` Նամիկ Սալիֆովը (Բաքու), հայտարարել է մահացածի «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին, հայտնում է Prime Crime-ը:

Ըստ պարբերականի` գողեր Մերաբ Մզարելուայի եւ Մացի Գվարամիայի` վերջերս տեղի ունեցած հաշտեցումը մեծացրել է Նամիկի հեղինակությունը եւ ապահովել է նրա` անվերապահ առաջնորդի կարգավիճակը: «Խաղաղապահները հատուկ հարգված գողերի կաստա են: Միայն անբասիր հեղինակություն ունեցող գողը, որի հեղինակությունը ճանաչվում է երկու կողմից, կարող է հաշտեցնել հակամարտողներին: Համաշխարհային դարձած կոնֆլիկտը 100 միավոր է ավելացնում դա անող գողի կարմային»,- նշում է պարբերականը` միաժամանակ հռետորական հարց առաջադրելով` միջկլանային բախումը կարո՞ղ էր արդյոք դիտավորյալ կազմակերպվել:

Նամիկը, ի տարբերություն Գուլիի, ով երբեք չի մասնակցել մեծ հավաքներին եւ գողերից շատերին անձամբ չի ճանաչել, կապ է պահպանում հեղինակությունների հետ եւ պտտվում է քրեական աշխարհում: Նա առանցքային դեմք է համարվում Ուրալում եւ այլընտրանք չունի, քանի որ ոչ մի գող չունի այնպիսի կապեր եւ ռեսուրսներ, ինչպես Նամիկը, նշում է պարբերականը: Հենց Նամիկն էր 2012-ին տեղափոխել «գուլիեւյան» բոլոր գողերին Թուրքիա  եւ տեղավորել նրանց նոր վայրում: Գուլիի ունեցած ամեն ինչ ստեղծվել է Նամիկի հետ միասին: Այժմ Նամիկը Գուլիի կարտելի միակ լիիրավ սեփականատերն է:

Այս տարվա օգոստոսի 19-ին Գուլին գնդակահարվել էր թուրքական ռեստորաններից մեկում: Մարդասպանը Հագան Զեյնալովն էր, ով հայտնի է որպես Խան Բակինսկի. նա ձեռք էր բերել Գուլիի վստահությունը եւ համարվում էր նրա մերձավորներից մեկը: Սկզբում մարդասպանը Թուրքիայի անվտանգության աշխատակիցներին ասել էր, որ գնդակահարել է Գուլիին` անձնական թշնամանքից ելնելով, բայց հետո խոստովանել էր, որ իրեն վարձել էին մի քանի միլիոն դոլարով: Սակայն հոնորարը մարդասպանին այդպես էլ չէին վճարել: