Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով առաջարկ է ուղարկել ԵՏՄ-ում ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը 2021 թվականից 2022 թվական հետաձգելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունից առաջարկ է ստացել ԵՏՄ 047/20178 տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը 2021 թվականի հունվարի 9-ից 2022 թվականի հունվարի 1 հետաձգելու մասին։ Ներկայումս այս առաջարկը մշակվում է»,- ասել են ԵՏՀ-ից։

Ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 9-ին։ Այն սահմանում է ալկոհոլին ներկայացվող պահանջները, որոնք միության անդամ երկրների տարածքներում կիրառելու համար պարտադիր են լինելու։ Դրա որոշ դրույթներ, սակայն, հարուցել են ալկոհոլային շուկայի առանձին մասնակիցների քննադատությունը։

Մասնավորապես՝ Ռուսական գարեջրագործների միությունը ուշադրություն է դարձրել տեխկանոնակարգում եւ ալկոհոլի շրջանառության պետական կարգավորման ռուսական օրենքում գարեջրի սահմանման տարբերությունների վրա։ Միությունը նշել է, որ գարեջրագործական ածիկի ավելի մեծ զանգվածի փոխարինումը ոչ ածիկային մթերքներով, քան սահմանված է ռուսական օրենսդրությամբ, կարող է հանգեցնել գարեջրի որակի նվազման։ Տեխկանոնակարգի հետաձգման խնդրանքով ԵՏՀ-ին դիմել է նաեւ «Երեւանյան գարեջուր» հայկական գարեջրագործական ընկերությունը։