ԱՄՆ գործողությունները Անդրեփրատում պայթյունավտանգություն են ստեղծում քրդական խնդրի շուրջ, տարածաշրջանի համար հետեւանքները կարող են աղետալի լինել, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Եփրատի արևելյան ափին իրավիճակը մտահոգիչ է, որտեղ ապօրինի տեղակայված ամերիկյան զորքերն ակնհայտորեն խրախուսում են քրդերի անջատողական միտումները` ցավոք փաստացի քրդերին հրահրելով կառավարության դեմ, զսպելով կառավարության հետ երկխոսություն սկսելու քրդերի բնական ցանկությունը: Իհարկե, սա մտահոգություններ է առաջացնում ինչպես Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության, այնպես էլ այն պայթյունավտանգության առումով, որը ստեղծում են ԱՄՆ այդպիսի գործողությունները քրդական խնդրի շուրջ»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ այս խնդիրն արդիական է ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ Իրաքի, Իրանի, Թուրքիայի համար, եւ «սա վտանգավոր խաղ է այս տարածաշրջանում»: «Ամերիկացիները, ըստ սովորության, այսպիսի գործողություններ են ձեռնարկում քաոս ստեղծելու համար, որը, հուսով են, կառավարելի կլինի: Նրանք հեռու են, նրանց դա առանձնապես չի հուզում, բայց հետեւանքները տարածաշրջանի համար կարող են աղետալի լինել, եթե նրանք այստեղ խթանեն անջատողականության այս միտումները»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ նախարարը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի եւ Սիրիայի քրդերի միջեւ կնքված գործարքը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: «Վերջերս հայտարարվեցին Սիրիայի Արեւելքում այս անօրինական ամերիկյան խմբավորման որոշումները, որը քուրդ առաջնորդների հետ միասին համաձայնագիր էր ստորագրել, որն ամերիկյան նավթային ընկերությանը թույլ է տալիս ածխաջրածիններ արտադրել սիրիական ինքնիշխան պետության տարածքում` միջազգային իրավունքի բոլոր հնարովի սկզբունքների կոպիտ խախտում»,- ասել է Լավրովը: