Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ փոքր բիզնեսի համար մեկ կիլոգրամ հագուստի մաքսազերծումը համարժեք է 2 դոլարին, բայց վարչապետ դառնալուց հետո մաքսազերծումը դարձրեց 4 դոլար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության շենքի դիմաց հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող առևտրականների բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։

«Այն ժամանակ Նիկոլը վարչապետ չէր, պատգամավոր էր։ Եկավ, հարգեց, լսեց ԱԺ–ի դիմաց իրականացրած մեր բողոքը։ Մենք այն ժամանակ որոշել էինք, որ 2.5 դոլարն է մի կիլոյի համար համարժեք, նա ասաց, որ իր հաշվարկներով ճիշտը 2 դոլարն է, այսինքն՝ մենք դեռ մի բան էլ ավել էինք վճարում։ Հենց դարձավ վարչապետ, կիլոն սարքեց 4 դոլար»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները համաձայն չեն կառավարության այն պատճառաբանությանը, թե թանկացումը օրենքի պահանջ է, և իրենք չենք կարող ոչնինչ անել։

«Օրենքը միշտ չէ, որ ճիշտ է։ Օրենք գրողը մարդ է։ Եթե օրենքը նեղություն է պատճառում քաղաքացուն, փոխեք օրենքը։ էլ ինչի՞ եք դուք ընտրվել։ Ինչի՞ համար է օրենսդիր ու գործադիր իշխանությունը։ Օրենքը պատվիրան չէ, ոչ չփոխես։ Հարգելիս, օրենքը քաղաքացուն պաշտպանելու համար է։ Հեղափոխությունը եղել է, որովհետև նախկին օրենքներով քաղաքացիներին նեղացնում էին։

Ով գալիս է իշխանության, փոքր ու միջին բիզնեսին է կպնում։ Թողեք փոքրը շնչի, որ մեծանա։ Մենք չենք տեսնում փոքր ու միջին բիզնեսին օգնող իշխանություն»,– ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։