Վերջին իրադարձությունների, ադրբեջանական եւ թուրքական քարոզչական ապարատների հրապարակումների վերլուծությունը «քուրդ զինյալների` Ղարաբաղ տեղափոխման մասին» ստիպում է եզրահանգում անել, որ Անկարան, Բաքվի հետ միասին, լուրջ, հնարավոր է` շատ վտանգավոր սադրանք է նախապատրաստում: Փաստացի այժմ տեղեկատվական հրետանային պատրաստություն է ընթանում: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը`  NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով «սենսացիոն բնույթի» համապատասխան հրապարակումները:

«Ընդ որում, խոսքը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն Հայաստանի եւ Ղարաբաղի, այլ նաեւ այլ երկրների դեմ սադրանքների մասին է: Տեսեք, թե «տեղափոխման» ինչ երթուղի են նրանք բերում`  Սիրիայից եւ Իրաքից Իրանի տարածքով դեպի Հայաստան եւ Ղարաբաղ: Ուստի հնարավոր է, որ սադրանքն ուղղված է Իրանի, կամ Իրաքի կամ Սիրիայի քրդերի դեմ: Հատկապես հաշվի առնելով, որ Իրաքյան Քրդստանը նավթի գների շուրջ գործընթացների համատեքստում ավելի է մեծացնում իր աշխարհաքաղաքական կշիռը: Թուրքիան եւ Ադրբեջանը շատ մտահոգված են Հայաստանի եւ Քրդստանի միջեւ տնտեսական մերձեցմամբ: Միեւնույն ժամանակ, թուրքերն իրենք են ակտիվորեն ահաբեկչական խմբավորումներ տեղափոխում Ադրբեջան: Սխեման բավականին բարդ է, այն արտացոլում է ավելի խորը գործընթացները Մերձավոր Արեւելքի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Պատասխանելով հարցին` արդյոք ղարաբաղյան կողմը պատրաստ է հրավիրել միջազգային հանրության ներկայացուցիչներին` տեղում ծանոթանալու իրավիճակին, Արցախի նախագահի խորհրդականը շեշտել է, որ Ստեփանակերտը դեմ չէ նման այցերին, թող գան տեղում ծանոթանան, բայց դրանից հետո պետք է համապատասխան պատժամիջոցներ սահմանվեն Ադրբեջանի դեմ:

«Այս անգամ ադրբեջանցիները շատ զգույշ են գործում. ոչ մի պետական ​​կառույց չի խոսում այդ մասին, քանի որ հասկանում են, որ դա այդպես չէ: Նրանց համար հարցը այն չէ, թե դա ճիշտ է, թե՞ ոչ, գլխավորն ուռճացնելն է ՝ հետագա գործողություններն արդարացնելու համար: Նաեւ բացառված չեն որոշ զանգվածային գործողություններ Թուրքիայում քրդերի դեմ` հակաահաբեկչական գործողություններ սկսելու քողի տակ: Նույնիսկ չի բացառվում, որ սադրանքն ուղղված լինի Ռուսաստանի դեմ: Պատահական չէ, որ լրատվամիջոցները հայտնեցին միջադեպի մասին, երբ Ադրբեջանի իշխանությունները թույլ չտվեցին ռուսական ռազմական ինքնաթիռին անցնել իրենց օդային տարածքով»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը: