Կաթի գները կբարձրանան մինչեւ 150 դրամ: Այս մասին սեպտեմբերի 18-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ըստ նրա ` կառավարությունն այստեղ սխալ է թույլ տվել` նորմատիվներ չմշակելով:

«Կաթը պետք է գնվի ֆերմերներից ոչ թե պարզապես լիտրերով, այլ` ելնելով լիտր\յուղայնություն ցուցանիշի վրա: Հաշվի առնելով, որ կովկասյան կաթը ճարպի պարունակությամբ աշխարհում լավագույնն է, ապա պետք է ավելի թանկ արժենա: Սակայն ձեռնարկություններն արտադրանքն այս բանաձեւով չեն ձեռք բերում, ինչը նրանց գերշահույթ է ապահովում»,- ասաց նա:

Փորձագետն ընդգծեց, որ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ եւ հնարավոր է դառնում պահպանել գները, եւ դրանք նույնը կմնան մինչեւ տարեվերջ, սակայն որակը փոքր-ինչ ընկնում է:

«Մանրածախ որակով տավարի միսը շուրջ 4000 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել, ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): Քանի որ այս տարի կերերի հետ կապված խնդիրներ չպետք է լինեն, մսի գները չպետք է բարձրանան: Եթե ​​նախորդ տարի խոտի դեզի գինը բարձրացել էր մինչեւ 1500 դրամ, ապա այս տարի 1000 դրամից ավել չպետք է բարձրանա»,- հավելեց Բերբերյանը:

«Անցյալ տարի բերքն այդքան էլ լավը չէր, եւ ստիպված եղանք կարտոֆիլը ներկրել Բելառուսից: Այս տարի ցանքային հողերը նույնն են մնացեկ, բայց բերքատվությունն աճել է: Այսօր ֆերմերն արտադրանքը վաճառում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչեւ 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան եւ Վրաստան: Հայկական կարտոֆիլն Վրաստանից վերավաճառողների միջոցով հասնում է նաեւ Ադրբեջան, քանի որ այս տարի այնտեղ բերքն այնքան էլ հաջող չէ»,- եզրափակեց Բերբերյանը: