ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Աղավնաձոր գյուղի մի բնակիչ իրավապահներին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսափող հրացան։

Ըստ տղամարդու՝ զենքը հայտնաբերել է տանը կից խորդանոցից։ Այն իր հետ բերել էր Արցախյան ազատամարտի տարիներին՝ ռազմաճակատից։

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 54-ամյա մի տղամարդ ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 40 փամփուշտ եւ 2 դատարկ պահունակ։

Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Սեպտեմբերի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փամփուշտ եւ զենք է թողել Այնթապ գյուղի կամրջի տակ:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ինքնաշեն հրացան, ծխային նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Սեպտեմբերի 16-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանության Մասիսի բաժին եւ հայտնել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել եւ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարները մեխանիկական եղանակով ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան եւ փամփուշտներ:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն է ներկայացել Աստղաձոր գյուղի մի բնակիչ եւ հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ։ Նա հայտնել է, որ նշված զինամթերքը գտել է տանը կից կաթսայատունը քանդելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 113 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի ճայթիչներ: Հայտնել է, որ զինամթերքը գտել է առանձնատան կտուրի նորոգման եւ մաքրման աշխատանքներ կատարելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին մի տղամարդ հանձնել է 5,45 մմ տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի փամփուշտ եւ «ՌԳԴ-5» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Նա հայտնել է, որ ռազմամթերքը գտել է խորդանոցից. այն պատկանել է հանգուցյալ պապին։

Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական հետապնդումից, եթե նրանց գործողություններում հանցակազմ չկա։